Թեհրանը կասկածում Է շուկայում իրանական նավթը փոխարինելու Աբու-Դաբիի եւ Էր- Ռիադի կարողությանը

Armenpress 13:40, 26 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն կարծում Է, որ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) չափազանցնում են իրենց նավթային սեկտորի հնարավորությունները՝ խոստանելով փոխհատուցել իրանական նավթի պակասը շուկայում: Նախարարի համապատասխան կարծիքը ապրիլի 26-ին հաղորդել Է IRNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Որքան հասկանում եմ՝ այդ երկրները չափազանցնում են իրենց նավթային սեկտորի հնարավորությունները: Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի խոստումներն ինչպե՞ս կկարողանան փոխհատուցել իրանական նավթի վակուումը համաշխարհային շուկայում»,-ասել Է Զանգանեն: Նա հավելել Է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները, որոնք հարվածում են նավթի ոլորտին, «բլեֆ չեն, այլ թշնամանքի շատ խիստ դրսեւորում Իրանի նկատմամբ»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին իր հերթին իրանական նավթը փոխարինելու Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի պատրաստակամությունը համարել Է «ագրեսիայի ակտ Իրանի ժողովրդի դեմ»: «Այս երկու երկրները չեն կարող չհասկանալ, որ Թրամփը իր թշնամական քաղաքականությունը վարելու Է եւս ընդամենը մեկ-երկու տարի: Իսկ մենք նրանց մշտական հարեւանն ենք տարածաշրջանում»,- Վայեզիի խոսքը մեջբերում Է Shana գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am