Լիլիթ Մակունցն ու Անուշ Բեղլոյանը ՊԵԿ նախագահի հետ քննարկել են քաղաքացիների՝ ՀԴՄ սարքերին առնչվող մտահոգությունները

Armenpress 12:18, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԴՄ սարքերին առնչվող քաղաքացիների բարձրացրած հարցերը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Անուշ Բեղլոյանը քննարկել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Այս մասին «Ֆեյսբուք»  սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Լիլիթ Մակունցը:

«Քննարկեցինք ՀԴՄ սարքերին առնչվող քաղաքացիների անհանգստությունները: Մասնավորապես, պետության կողմից մինչև նոր ՀԴՄ սարքերի ձեռքբերումը անհրաժեշտություն կա միջանկյալ լուծումներ նախատեսել տնտեսվարող սուբյեկտների համար: Դավիթ Անանյանը նշեց, որ իրենք նույնպես մտածել են այդ ուղղությամբ, և այս ահազանգերը լրացուցիչ առիթ են արագացնելու գործընթացը: Առաջիկայում Պետական եկամուտների կոմիտեն հանդես կգա հայտարարությամբ, թե այդ առնչությամբ ինչ միջանկյալ լուծում է առաջարկվում քաղաքացիներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Լիլիթ Մակունցը:

Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ այժմ աշխատում է անկանխիկ դրամաշրջանառությունը խրախուսող փաթեթի շուրջ և պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Այն հնարավորություն կտա պայքարել ստվերային շրջանառության դեմ: Այս հարցը նույնպես քննարկվել է Դավիթ Անանյանի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am