Կիպրոսն աջակցում է Հայաստանի ջանքերին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու հարցում. Նիկոս Անաստասիադես

Armenpress 15:40, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսը աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի ջանքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշված է, որ Կիպրոսի նախագահն ու կառավարությունը դատապարտում են հայ ժողովրդի դեմ այդ սարսափելի հանցագործությունը՝ այն համարելով որպես բիծ մարդկության պատմության մեջ:

Կիպրոսի նախագահն ընդգծել է, որ Կիպրոսն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու հարցում՝ հավելելով, որ Կիպրոսը Եվրոպայում առաջին, իսկ աշխարհում երկրորդ երկիրն է, որը ճանաչել է այդ սարսափելի հանցագործությունը և պահանջում է պատմական արդարության հաստատում :

Դիմելով Կիպրոսի հայկական համայնքին՝ Նիկոս Անաստասիադեսն ընդգծել է, որ նրանք էական ներդրում են ունեցել այն առաջընթացի մեջ, որին հասել են ընդհանուր հայրենիքում: «Մեր համակեցությունն օրինակ է ամբողջ աշխարհի համար»,- ասված է Կիպրոսի նախագահի հայտարարության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am