Դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպում է ունեցել Ավստրիայի դաշնային խորհրդարանում

Armenpress 14:28, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի դաշնային խորհրդարանում ապրիլի 24-ին կայացել է ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Ավստրիայի Ազգային խորհրդի 3-րդ նախագահ Աննելիզե Կիտցմյուլլերի և Ավստրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի հետ:  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆՀ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը ներկա են գտնվել նաև բարեկամության խմբի անդամները:

Դեսպան Պապիկյանը խորհրդանշական և կարևոր է համարել Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը Ավստրիայի խորհրդարանում հանդիպումը և շնորհակալություն է հայտնել այս հարցում Ավստրիայի խորհրդարանի կողմից 2015 թվականին ընդունված որոշման համար։ Դեսպանը կարևորել է նաև Հայաստանի և Ավստրիայի խորհրդարանական համագործակցության հետագա խթանումը՝ այդ թվում նաև երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև ակտիվ շփումների միջոցով: Կարևորել է նաև երկու երկրների խորհրդարանների միջև փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով Ավստրիայի հարուստ փորձը խորհրդարանական կառավարման ոլորտում: 

Գուդրուն Քուգլերն իր հերթին նշել է, որ Ավստրիայի խորհրդարանում մեծ կարևորություն են տալիս Հայաստանի և ՀՀ ԱԺ-ի հետ հարաբերությունների զարգացմանը, ինչը պայմանավորված է Հայաստանի և Ավստրիայի միջև փոխհարաբերությունների բարձր մակարդակով:

Երկուստեք կարևորվել են նաև խորհրդարանական բարձրաստիճան շփումները, վստահություն հայտնելով, որ դրանք նոր լիցք կհաղորդեն երկու երկրների միջև համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am