Վերահաստատենք, որ երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը. Կալիֆորնիայի նահանգապետի գրառումը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Armenpress 13:16, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Գեվին Նյուսոմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կալիֆորնիայի նահանգապետը կատարել է հետևյալ գրառումը.

«Եկեք վերահաստատենք, որ մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը և միշտ հանդես կգանք ատելության և չարագործությունների դեմ, որտեղ էլ որ դրանք պատահեն»:

Գրառմանը կից Կալիֆորնիայի նահանգապետը հրապարակել է իր ստորագրած հռչակագիրը, որով 2019 թվականի ապրիլի 24-ը Կալիֆորնիայում հռչակվել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Ապրիլի 24-ին ԱՄՆ հայկական համայնքի տասյնակ հազարավոր ներկայացուցիչներ մասնակցել են  Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու պահանջով բողոքի քայլերթին, որին հաջորդել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ բողոքի ցույցը: Քայլերթին մասնակցել են ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կորեցը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am