Կառավարությունը մերժեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած օրենքի նախագիծը

Armenpress 13:11, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մերժեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը ապրիլի 25-ի կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Առաջարկվում է բացառություն սահմանել հիմնադրամներից «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»-ի համար, որպեսզի այս հիմնադրամը չկատարի այն վճարումները, որոնք նախատեսված են ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցումների համար: Հիմնավորվում է հետևյալ պատճառաբանությամբ, որ այստեղ ոչ միայն ֆինանսական, այլև բարոյական, սոցիալական խնդիր է, որ այս հիմնադրամն այդ վճարումները չկատարի: Մենք առաջարկում ենք ձեռնպահ մնալ այս օրենքում այդպիսի փոփոխություն կատարելուց, և նման տարբերակված մոտեցում չցուցաբերել հիմնադրամների համար, որովհետև հիմնադրամները կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունն են, որոնք հետապնդում են հանրօգուտ նպատակներ»,- ասաց Զեյնալյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am