Հայաստանում սահմանափակումներ ռուսական հեռուստաալիքների նկատմամբ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

Armenpress 21:17, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այլևս գրաքննություն չկա, ներկայում մամուլը երկրում ազատ է, քան երբևէ: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մեզ մոտ հեռուստատեսությամբ միշտ հստակ գրաքննություն է եղել: Եթե դա գրաքննություն չանվանենք, ապա, այնուամենայնիվ, բոլոր հեռուստաալիքները եղել են կառավարության վերահսկողության տակ: Այժմ մեզ մոտ ընդհանրապես գրաքննություն չկա», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Փաշինյանը:    ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանում չի սահմանափակվելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը: «Երբեմն նկատում եմ, որ նման քննարկումներ կան սոցցանցերում, ասում են, որ ռուսական հեռուստատեսությունը հակահայկական քաղաքականություն է վարում: Եվ եթե նրանք հակահայկական քաղաքականություն են վարում, պետք է ինչ-որ բան անել այդ իրավիճակի հետ», - ռուսական հեռուստաալիքին ասել է վարչապետը՝ շեշտելով, որ սահմանափակումներ ռուսական հեռուստատեսության նկատմամբ, այնուամենայնիվ, չեն լինելու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am