ՀՀԿ-ն ցեղասպանության կանխարգելման պայքարը համարում է վերկուսակցական

Armenpress 19:44, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայոց ցեղասպանության հիշատակման ու ցեղասպանության կանխարգելման պայքարը վերկուսակցական է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը:

«Անկախ նրանից, թե որ կուսակցությունը կլինի իշխանության, դա համազգային մեր կարևորագույն խնդիրներից մեկն է, և ոչ միայն մեր պատմության, այլ մեր երկրի անվտանգության տեսանկյունից, որովհետև այս օրերին Թուրքիայից հնչեցին հայտարարություններ, որոնք ևս մեկ անգամ վերահաստատում են, որ քանի դեռ Թուրքիան ինքը չի առերեսվել իր պատմության հետ, այդ հանցագործությունը շարունակում է մնալ մեր անվտանգության համակարգի անբաժան մասը»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը մեր գերագույն խնդիրը համարում է Հայոց ցեղասպանության միջազգային հանրության կողմից ճանաչումը: 

«Ներկա և նախկին իշխանություններ այս հարցում չկան: Այս հարցում կա միասնական հայ ժողովուրդ, և ժխտողականությունը մերժող ամբողջ աշխարհի ժողովուրդ: Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է լինի միջազգային հանրության ճնշման ներքո»,- ասաց Բաղդասարյանը:

Վիգեն Սարգսյանը ցեղասպանության կանխարգելման պայքարում պարտավորվածություն է տեսնում աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ:

«Մենք այն երկիրն ու ժողովուրդն ենք, որը վերապրած լինելով ցեղասպանության հանցագործությունը, պետք է երբեք չդադարի պայքարել այդ հանցագործության կանխարգելման գործի համար: Մենք պարտավոր ենք դա անել աշխարհի այլ ժողովուրդների ու երկրների համար, որովհետև մեր օրերում մենք ականատես եղանք նոր ցեղասպանությունների: Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, որը պահանջում է կանխարգելում, և մենք պետք է լինենք այդ կանխարգելման դրոշակակիրը: Դա բուն անվտանգային խնդիր է, որը սպառնում է մեր տարածաշրջանի անվտանգությանը, և այսօր սպառնում է աշխարհի շատ ժողովուրդներին»,- նշեց Սարգսյանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: 

Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը և այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետևյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Բրազիլիա, Դանիա, Չեխիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am