Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ

Armenpress 11:43, 24 Ապրիլ, 2019
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հրավերով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 23-ին ժամանել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեո:Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի արտաքին գործերի նախարարությունից, այցը առաջին օրը Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ, երկրի իշխող քաղաքական կոալիցիայի առաջնորդներից մեկի՝ Խոսե Մուխիկայի հետ։Զրույցի ընթացքում ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել նախագահ Մուխիկայի և Ուրուգվայի իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ ավանդաբար ձևավորված բարեկամական վերաբերմունքը։Ներկայացնելով Արցախի պետականաշինության գործընթացը, Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի և Ուրուգվայի ժողովուրդներին միավորում է ընդհանուր արժեհամակարգը։Նախագահ Մուխիկայի խնդրանքով ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է Արցախի միջազգային ճանաչման հեռանկարներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը և խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի անդամ, Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) փոխնախագահ Մարիո Նալբանդյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am