ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդությունը

Armenpress 20:32, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության դատարանը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 oրով կալանավորելու միջնորդությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով»,- հայտնել է նա:

Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով գտնվում էր հետախուզման մեջ, օրերս Ռուսաստանի Դաշնությունում՝ Կարելիայի Հանրապետությունում հայտնաբերվել ու ձերբակալվել էր:

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 2019թ. ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am