Հայաստանի Բարձրագույն խմբի 8 ակումբներ ստացան «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր

Armenpress 17:27, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նիստի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Շիրակ» և «Փյունիկ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու  համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու 2019/2020թթ. ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: «Արցախ» ֆուտբոլային ակումբը չէր դիմել ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար:

Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման պատասխանատուի և ֆինանսական փորձագետի կողմից: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 8 ակումբներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am