Մխիթար Հայրապետյանն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Armenpress 13:36, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ շրջայց է կատարել վերջինիս գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տնօրենը պատգամավորին է ներկայացրել կենտրոնի ստեղծման պատմությունը, ընթացքում ծագած խնդիրները, գործունեության ներկա փուլն ու առաջիկա անելիքները: Հայրապետյանն ընդգծել է, որ կարևոր է համարում Թումոյի՝ որպես հայկական բրենդի տարածմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում և, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է օժանդակել: Թումոն յուրօրինակ հաջողության պատմություն է, որտեղ մեկ հզոր գաղափարը փոխել է տասնյակ հազարավորներ երիտասարդների կյանքը:

Շրջայցի ընթացքում Մխիթար Հայրապետյանը զրուցել է թումոցիների հետ, ներկա գտնվել դասապրոցեսին, ծանոթացել տեղացի և օտարերկրյա կամավորների հետ:

Հայաստանի և Արցախի թումոներում այժմ 12-18 տարեկան շուրջ 19.000 պատանի ստանում է արտադպրոցական ուսուցում թվային մեդիաների ոլորտում՝ հատուկ մշակված ուսումնական ծրագրով, ծանոթանում 3D մոդելավորման, ֆիլմերի և երաժշտության պատրաստման, ռոբոտաշինության, լուսանկարչության, գրաֆիկական դիզայնի և այլ ոլորտների նրբություններին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am