ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը

Armenpress 10:24, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն ընդունեց կառավարության կողմից ներկայացված Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 22-ին խորհրդարանում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու քննարկման Ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են որոշ փոփոխություններ:

ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2015 թ., որի արդյունքում ՏՏ ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Առաջարկված նախագծով նորաստեղծ ընկերությունների համար հնարավորություն է ստեղծվում հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարացնել մինչ 2022թ դեկտեմբերի 31-ը ներառյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am