Արդարադատության փոխնախարարը մասնակցել է «Անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիրները» թեմայով քննարկման

Armenpress 16:03, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի մասնակցությամբ ապրիլի 22-ին տեղի է ունեցել «Անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիրները» թեմայով սեմինար-քննարկում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարար Խաչիկյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ուսանողներին նման նախաձեռնության համար և ընդգծել, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, հանդիսանալով համեմատաբար նոր ձևավորված մարմին, իր գործունեությամբ բազմաոլորտային ազդեցություն ունի: Փոխնախարարն անձնական տվյալների պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցում կարևորել է թե´ գործնական, թե´ ակադեմիական լուծումների անհրաժեշտությունը և այդ համատեքստում բարձր է գնահատել ուսանողների նախաձեռնությունն ուղղված ոլորտի գործնական հիմնախնդիրների քննարկմանը՝ հորդորելով ակտիվ քննարկում ծավալել և բարձրացնել ոլորտային բոլոր հետաքրքրող հարցերը:

ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն իր հերթին նշել է, որ անձնական տվյալների պաշտպանության հարցում դեռևս խնդիր է շարունակում մնալ իրազեկվածության պակասը, ինչի շրջանակներում էլ ուղիղ հարցադրմամբ փորձել է ստուգել ուսանողների տեղեկացվածությունն առ այն, թե ինչը կարող է հանդիսանալ անձնական տվյալ:

Այնուհետև, հաջորդել է ակտիվ քննարկում ուսանողների և Գործակալության պետի միջև: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am