Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում

Armenpress 12:09, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը Գեղամ Գևորգյանին ընտրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 22-ին, Ազգային ժողովի նիստում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 121-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 95 կողմ, 26 դեմ»,- ասաց Հովակիմյանը:

Ապրիլի 19-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Գեղամ Գևորգյանին հորդորեց ներկայացնել փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ Գևորգյանը ղեկավարման 3 տարվա ստաժ ունի:

Ապրիլի 18-ին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:

«Սիրելի՛ քաղաքացիներ, քիչ առաջ իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրություն է ուղարկվել՝ կապված ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի ստաժի անբավարարության հետ։ Այդ հիմքով՝ իմ կողմից առաջարկվել է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը»,- գրել էր Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու Գևորգյանի թեկնածությանը:

ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am