Գործադիրը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի մեխանիզմները բարելավելու օրենքի նախագիծ է մշակել

Armenpress 11:25, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի մեխանիզմները բարելավելու օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ին Ազգային ժողովում «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

«Առաջարկված փոփոխություններն ու լրացումներն առնչվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում նոր մեխանիզմների ներդրման, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջև հարաբերությունների կարգավորման, առկա կառուցակարգերի ամրապնդման հարցերին: Փոփոխությունները ոչ միայն կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության կատարելագործմանը, այլև կբարձրացնեն հարակից ոլորտների օրենսդրության և օրենքների կիրառման արդյունավետությունը, կսահմանեն համագործակցության հստակ շրջանակ զոհերի, այդ թվում՝ երեխա զոհերի հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանությանն ուղղված միջոցառումների արագ և արդյունավետ կազմակերպելու համար»,- ասաց Գասպարյանը:

Փոխնախարարը նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը բյուջեի վրա լրացուցիչ ծախսեր չի ավելացնում կամ չի նվազեցնում եկամուտները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am