Նախարար Սուրեն Պապիկյանն ու մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» ընկերության արտադրամասեր

Armenpress 11:40, 21 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ 10 մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» գրուպ ՍՊԸ-ին պատկանող «Վամաքս», «Մարիլա», «Պորկպրոդ» ընկերությունների արտադրամասեր, ծանոթացել կաթի և մսի արտադրության ու վերամշակման պայմաններին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շրջայցի ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է արտադրամասերի աշխատանքներով, մսամթերքի և կաթնամթերքի արտադրության որակի և իրացման խնդիրներով, զարգացման հետագա ծրագրերով։

Նախարարին և մարզպետներին ներկայացվել է, որ «Լամաքս» ընկերությունը գործում է 2010թ․-ից։ Տեղական հումքից բարձրորակ արտադրանք ստանալու նպատակով արտադրամասերը հագեցված են եվրոպական չափանիշներին համապատասխան սարքավորումներով, որոնք ներմուծվել են Գերմանիայից։ Արտադրում են 8 տեսակի կաթնամթերք, 15-ից ավելի տեսակի մսամթերք և իրացնում Սյունիքի մարզում ու մայրաքաղաք Երևանում: Բացի այլ խանութներում իրացնելուց, ունեն իրենց մասնագիտացված  «Սյունիքի բարիքներ» խանութները՝ 1-ը Կապանում, 3-ը՝ Երեւանում: Ներկայումս ընկերություններում աշխատում է 250 աշխատակից:

Շրջայցի առաջին կանգառը եղել է «Պորկպրոդ»  ՍՊԸ-ին պատկանող խոզաբուծական ֆերման, որտեղ նախարարին ներկայացվել է, որ ֆերման գործում է արդեն 4․5 տարի և ապահովում տոհմական խոզի մսի արտադրություն՝ առանց գենետիկական խախտումների: Վերջերս կրկնակի մեծացրել են արտադրության ծավալները:

Այնուհետև նախարարն ու մարզպետները այցելել են «Մարիլա» և «Վամաքս» ՍՊԸ-երի արտադրամասեր։ Ընկերությունների ներկայացուցիչների հավաստիացմամբ՝ «Վամաքսում» բուծվող շուրջ 800 խոշոր եղջերավոր սիմենթալ ցեղատեսակի կենդանիները սնվում են առանց հավելումների և տեղական կերով ապահովում էկոլոգիապես մաքուր կաթ ու միս։ 

«Մարիլա» կաթնամթերքի գործարանում նախարարը ծանոթացել է կաթի վերամշակման գործընթացին, եղել կաթի փորձաքննությունների համար նախատեսված լաբորատորիայում։ Նախարարին տեղեկացվել է, որ կաթնամթերքի շուկայում բարձր պահանջարկով պայմանավորված «Մարիլա» ընկերությունն այժմ փորձում է ավելացնել արտադրական ծավալները՝ կաթնատվության բարձրացման և այլ միջոցառումների հաշվին ։

Շրջայցի ավարտին նախարարը իր գոհունակությունն է հայտնել ընկերության հաջողված արտադրական գործունեության  և գյուղատնտեսության զարգացմանը խթանող օրինակելի փորձ փոխանցելու կապակցությամբ։

«Հայաստանում գործունեություն ծավալող յուրաքանչյուր տնտեսվարողի հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է»,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը՝ հույս հայտնելով, որ ընկերության արտադրանքը առաջիկայում կկրկնապատակվի և կկարողանա իրացվել ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան նոր շուկաներում։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am