«Մշակույթն՝ ուսանողներին» ծրագրի շրջանակներում Կոմիտասի 150 ամյակին նվիրված առաջին համերգը տեղի է ունեցել ԵՊԲՀ-ում

Armenpress 16:58, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան ազգային քառյակը «Մշակույթն՝ ուսանողներին» ծրագրի շրջանակում Երևանի պետական բժշկական համալսարանում Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգային ծրագրով հանդես եկավ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ-ից, հանդես եկան՝ ջութակահարներ Էդուարդ Թադևոսյանը, Սյուզի Երիցյանը, թավջութակահար Անժելա Սարգսյանը և ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը:

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու խոսքով՝ այսօր բժշկական համալսարանը պատիվ ունի իր պատերի ներքո հյուրընկալելու լեգենդար քառյակը: «Խորհրդանշական է, որ Կոմիտասի 150 ամյակին նվիրված անդրանիկ համերգը տեղի է ունենում բժշկական համալսարանում: Մենք առաջնորդվում ենք այն գաղափարով, որ ԵՊԲՀ ուսանողները ոչ միայն ապագա բժիշկներ են, այլ բոլոր սոցիալական շերտերին հպված այն հագույցը, որը պարտավոր է ունենալ պատկերացում սեփական մշակույթի մասին»,-ընդգծեց Վահան Արծրունին՝ ավելացնելով, որ շատ կարևոր է սովորողների ներգավվածությունը «Մշակույթն՝ ուսանողներին» ծրագրին: Այն նախատեսում է մի շարք միջոցառումներ, որոնք մշակույթը կմոտեցնեն համալսարանականներին:

Առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ Կոմիտասի անվան ազգային քառյակը, տարիներ շարունակ աշխարհին ներկայացնելով Կոմիտասի մանրանվագները, հանրահռչակում է կոմիտասյան երաժշտությունը:

Կոմիտասի անվան ազգային քառյակի յուրաքանչյուր կատարում ուղեկցվեց բարձր ծափողջյուններով՝ արտահայտելով ներկաների հիացումն ու շնորհակալությունը:

Նշենք, որ այս տարին Կոմիտասի անվան ազգային քառյակի համար նույնպես հոբելյանական է: Արդեն 95 տարի է փոփոխվող կազմով, սակայն անզուգական կատարողական արվեստով, արժեհամակարգին ու ավանդույթներին հավատարիմ մնալով՝ քառյակն աշխարհով մեկ ճանաչելի դարձնում մեր ազգային հոգևոր Էությունը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am