Հայաստանում կա 300-ից ավելի սողանքային գոտի

Armenpress 15:44, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում կա 300-ից ավելի սողանքային գոտիներ, որոնցից ակտիվ են 130-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«ԱԻՆ-ը զբաղվում է առանձնապես վտանգավոր սողանքներով, և այսօր 6 սողանք կա, որոնք այս պահին գործում են: Լոռու մարզում լուրջ սողանք կա, որն արտակարգ իրավիճակներում կարող է վտանգել անգամ երկաթգծի աշխատանքը: Սողանքներ կան, որ համայնքի ներսում են, օրինակ, Սարի թաղում, Կապանում: Դրանք արդեն համայնքային խնդիրներ են, մենք միայն անվտանգության հարցը կարող ենք լուծել»,- ասաց նախարարը և հավելեց, որ սողանքներ կան, որոնց դեմ ԱԻՆ-ն անզոր է:

Ցոլակյանը թվարկեց կարևոր ակտիվ սողանքներ, որոնք այսօր առկա են Հայաստանում՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում, Շիրակի մարզի Առափի գյուղում, Երևանի Մյասնիկյան պողոտայում, Լոռիում շատ են սողանքները, Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարևանությամբ և այլն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am