ՄԹ դեսպանը հայտնել է արդարադատության ոլորտի բարեփոխման մի շարք ծրագրերին աջակցելու պատրաստակամություն

Armenpress 18:55, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 18-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդարադատության նախարարության մի շարք ծրագրերի իրականացմանն աջակցելու և արդյունավետությամբ փոխգործակցելու համար:

Դեսպան Ֆարնուորթը ևս դրական է գնահատել համատեղ իրականացված աշխատանքներն ու իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ոլորտի բարեփոխմանն ուղղված հետագա մի շարք ծրագրերին:

Հանդիպման ընթացքում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը ներկայացրել է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ 2018 թվականին մեկնարկած համատեղ ծրագրի արդյունքները: Ծրագրի նպատակն էր օժանդակել պատշաճ իրականացնելու Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագիրը` հասարակությանը կրթելու և շահագրգիռ մարմիններին ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրների վերաբերյալ վերապատրաստելու նպատակով: Գայանե Հովակիմյանը տեղեկացրել է, որ դրա շրջանակում մշակվել է հանրային ծառայողների և սոցիալական աշխատողների վերապատրաստումների դասընթացների ծրագիր, հանրային հաղորդակցության ռազմավարություն և ուղեցույց, որոնք հրապարակվել են նաև Արդարադատության նախարարության կայքում։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նշված ծրագրի շարունակականության, ինչպես նաև բրիտանական դեսպանության աջակցությամբ Պրոբացիայի ծառայության ռազմավարության մշակմանն և կարողությունների զարգացմանն աջակցելու հնարավորությունները:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am