Բաղրամյան 26-ում և կառավարության շենքում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ

Armenpress 12:16, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում գտնվող մշակութային արժեք ներկայացնող շենքում, որը ՀՀ վարչապետի նստավայրն է, կիրականացվեն ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարությունն ընդունեց որոշումներ, որոնցով նախատեսվում են վերաբաշխումներ՝ նշված աշխատանքներն իրականացնելու համար:

Ըստ հիմնավորման, 2019 թվականի պետական բյուջեով կառավարության շենքի վերանորոգման համար հատկացված միջոցներ չկան: Բայց անհրաժեշտ է 63 մլն 400 000 դրամ։

Որոշմամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող այլ ծրագրերով նախատեսված միջոցներում և վերաբաշխել  հանրային կարծիքի ուսումնասիրության, կառավարության գործունեության գնահատականների՝ կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտությունների, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, ծառայությունների, ծրագրերի համակարգման, վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության միջոցառումների ծրագրերի համար բյուջեով հատկացված գումարները։

Բաղրամյան 26-ում նորոգման ծախսերը կազմում են 40 մլն դրամ, որն առաջարկվում է ուղղել համապատասխան հոդվածներին` «Այլ ծախսեր» հոդվածից նվազեցում կատարելու միջոցով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am