ՀՀ դեսպանը և Եգիպտոսի խորհրդարանի հանձնաժողովի նախագահը կարևորել են բարեկամության խմբերի սերտ աշխատանքները

Armenpress 21:17, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը ապրիլի 17-ին հանդիպել է ԵԱՀ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Քարիմ Դարվիշի (Karim Abdel Darvish) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Քարիմ Դարվիշը շնորհավորել է Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել Եգիպտոսի հայ համայնքի կարևոր դերը երկու բարեկամ երկրներն առավել ամուր կապելու գործում։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է նաև, որ անձնապես մեծ համակրանք ունի հայ ժողովրդի նկատմամբ և ծանոթ է նրա պատմությանը։ 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Գրիգորյանը նշել է, որ Եգիպտոսը և եգիպտացիները հայ ժողովրդի պատմության ամենացավալի ժամանակաշրջանում օգնության ձեռք են մեկնել հայերին՝ հյուրընկալելով հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի, և Հայաստանը դա երբեք չի մոռանում։ Նա հավելել է, որ Եգիպտոսում հայերը մշտապես իրենց դրսևորել են որպես օրինապաշտ քաղաքացիներ` մեծ ներդրում ունենալով Եգիպտոսի հասարակական և մշակութային կյանքում։

Անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության խորացմանը՝ դեսպան Գրիգորյանն ու Քարիմ Դարվիշին երկուստեք կարևորել են համապատասխան բարեկամության խմբերի սերտ աշխատանքների իրականացումը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am