ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծին
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում ասաց խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
««Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության ներկայացրած նախագծին, և օգնելու է կառավարությանը, որպեսզի գրանցի հաջորդ հաջողությունները»,- ասաց Նազարյանը:
Նախագծի ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.
Արտաքին գործերի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արդարադատության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն
Բնապահպանության նախարարություն
Առողջապահության նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: