Հաշմանդամություն ունեցող մարդիկ ձեռագործ աշխատանքների միջոցով ներկայացրեցին Ցեղասպանությունն իրենց աչքերով

Armenpress 13:42, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ցեղասպանությունը հաշմանդամություն ունեցող անձանց աչքերով» ցուցահանդեսում ներկայացված են հաշմանդամություն ունեցող մարդկանց ձեռքի աշխատանքներ` գեղանկարներ, քանդակներ և այլ գործեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի բացումը, որի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 16-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գեղեցիկ կատարումներով ազդարարեց Գյումրու Հայորդաց տան երգչախումբը:

«Երբ մեզ դիմեցին ցուցահանդեսի կազմակերպման հարցով, միանգամից  համաձայնեցինք:  Ցեղասպանությունն այնպիսի մեծ ողբերգություն է, որը տարիներ շարունակ հուզում է մարդկանց սրտերն ու հոգիները և ստեղծագործական դրսևորումներ ունենում:

Մենք բոլորս հավասար ենք, անկախ մեր կարգավիճակից ու հնարավորություններից. կարևորն այն է, որ թեման անհանգստացնում է բոլորիս»,-նշեց թանգարան-ինստիտուտի ղեկավար Հարություն Մարությանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի խոսքով`իրենք  մասնակիցների առաջ տեխնիկայի, ոճի, ժանրի ոչ մի սահմանափակում չեն դրել: «Նրանք բազմաթիվ գործեր են ներկայացրել, սակայն ոչ բոլորն են այստեղ ցուցադրված: Ընդգրկվել են այն ստեղծագործությունները, որոնք համապատասխանում են թեմային և գեղարվեստական արժեք ունեն»,-ասաց նա:

Ալավերդյանը շեշտեց, որ ընտրել են ցեղասպանության թեման, քանի որ այն մարդիկ, որոնք ունեն հաշմանդամություն, պետք է մասնակցեն  մեր ազգի համար կարևոր ցանկացած իրադարձության: «Ապրիլյան դեպքերը մեր ազգային մտածելակերպի մի մասն են, և մենք ցանկացանք հաշմանդամություն ունեցող անձանց տեսանկյունից ներկայացնել այդ  երևույթը: Ավաղ, հաշմանդամություն ունեցող շնորհաշատ մարդիկ իրենց ստեղծագործական ներուժը բացահայտելու քիչ հնարավորություն ունեն: Հուսանք` այս նախաձեռնությունը կխթանի, որ նրանք ավելի ազատ ու ակտիվ ստեղծագործեն»,-նշեց նա:

Չսահմանափակվելով ցեղասպանության թեմայով և նպատակ ունենալով բացահայտել ապագայի իրենց տեսլականը` նախաձեռնության կազմակերպիչները սահմանել էին մրցույթ ցուցահանդեսի երեք անվանակարգում:

«Ցեղասպանությունն իմ աչքերով» անվանակարգում մրցանակի արժանացավ Հենրի Վարդանյանը, «Մենք հավասար ենք» անվանակարգում հաղթեց Արմինե Մինասյանը, իսկ «Մատչելի Հայաստան» անվանակարգում մրցանակը հանձնվեց Անդրանիկ Բալաբանյանին:

«Պատկերել եմ ծառ, որի մի մասը տխուր է, իսկ մյուս մասը փթթում է: Ցանկանում եմ ցույց տալ, որ ծառերը մարդկանց նման են»,-իր նկարի մասին պատմեց Հենրի Վարդանյանը:

«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը խրախուսական մրցանակներ հանձնեց Կարեն Դանիելյանին, Իրինա Եղիազարյանին և Աշոտ Օրդուխանյանին:

Բոլորը պարգևատրվեցին դրամական մրցանակներով և պատվոգրերով:

Ներկայացված աշխատանքները գնահատել էին գրաֆիկ դիզայներ Մուշեղ Գարուկյանը, ցեղասպանագետ Լիլիթ Մարտիրոսյանը, գեղանկարիչ Սուրեն Ոսկանյանը:

Նախագիծն իրականացրեց «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը «Փարոս» հիմնադրամի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Գյումրու Հայորդաց տան, «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 20-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am