Արցախի պետնախարարն աշխատանքային այց է կատարել Քաշաթաղի շրջանի հարավային թև

Armenpress 19:19, 15 Ապրիլ, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 14-ին աշխատանքային այց է կատարել Քաշաթաղի շրջանի հարավային թև, որի ընթացքում Իշխանաձոր համայնքում ծանոթացել է կառավարության և մասնավորի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերին, մասնավորապես, պետական աջակցության միջոցներով նախատեսվող ինտենսիվ այգիների տնկարաններ ստեղծելու գործընթացին։

Այնուհետև պետական նախարարը շրջել է «Մասիս Տոբակո» ընկերության կողմից ծխախոտագործության համալիր ծրագրի իրականացման համար հատկացված դաշտում, հետաքրքրվել ծրագրի մեկնարկով և ստեղծվելիք նոր աշխատատեղերով: Պատասխանատուները նշել են, որ սկսված է հողօգտագործողներին սածիլների տրամադրման գործընթացը, ինչի համար տրամադրվել է 35 հա տարածք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Իշխանաձորում պետական նախարարը շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների և գյուղոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: «Ուրախությամբ պետք է նշեմ, որ հանրապետությունում, այդ թվում՝ նաև Քաշաթաղում, անցած տարիների համեմատ գարնանացանի ծավալները մեծացել են, ինչը միանշանակ ողջունելի է, և հորդորում եմ այսուհետ ևս պահպանել սահմանած նշաձողը»,- իր խոսքում նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Աշխատանքային այցին մասնակցել են նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանը և Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am