Նիկոլ Փաշինյանը բացառում է ԵԿՄ-ի քաղաքականացվելու հնարավորությունը

Armenpress 18:25, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն կարող է քաղաքականացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում:

«Առաջին խնդիրը, որ ես նաև աշխատանքային հանդիպումներում առաջ եմ քաշել, դա այն է, որ «Երկրապահ կամավորականների միություն»-ը քաղաքական գործընթացների մեջ ընդհանրապես պետք է չներքաշվի: ԵԿՄ-ն խնդիր սկսել է ունենալ այն պահից, երբ իշխանությունը լեգիտիմության պակասի բերումով փորձել է այդ կառույցն օգտագործել իր իշխանությունը պահելու և երկարացնելու համար: Մենք որևէ զարտուղի աջակցության կարիք չունենք: Մենք կռիվ չենք տալու, իշխանություն պահելու հարց չենք լուծելու»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ԵԿՄ ղեկավարի պաշտոնում Սասուն Միքայելյանի ընտրությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ որոշումը կայացրել են միության անդամները:

Ապրիլի 7-ին Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am