Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը ոլորտում բարձրակարգ մասնագետների պակաս է տեսնում
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ միասին 5-7 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիր է իրականացնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
«Նախարարությունն ակտիվորեն աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ, 5-7 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիր է իրականացվում, որի շրջանակում գիտական կենտրոն կհիմնվի, որպեսզի տեղի մասնագետները կարողանան վերապատրաստում անցնել»,- նշեց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ ոլորտում բարձրակարգ մասնագետների դեֆիցիտ կա և ծրագրի արդյունքները տեսանելի կլինեն 5-6 տարի հետո:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Ապարանում նախատեսվում է անասնապահական քոլեջ հիմնել, որը հագեցած կլինի լավագույն տեխնոլոգիաներով։
«Քոլեջի միջոցով կապահովվի բարձրագույն կրթությունը, ինչպես նաև կարճաժամկետ դասընթացներ կիրականացվեն, ինչի միջոցով կվերապատրաստվեն և՛ մասնագետները, և՛ ֆերմերները»,- ասաց ՀՀ ԳՆ պաշտոնակատարը:
Եզրափակելով խոսքը՝ Գևորգյանն ընդգծեց, որ պետք է որակյալ մասնագետներ պատրաստել, շարժվել ժամանակին համահունչ և մեծ թափով զարկ տալ կրթական համակարգերի տրանսֆորմացմանը: