Ամբողջ կյանքում կհիշեմ եզրափակիչ գոտեմարտը. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյան  

Armenpress 15:56, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի նորընծա չեմպիոն Արսեն Հարությունյանի խոսքով` իր  համար ամենատպավորիչը եզրափակչի գոտեմարտն էր: «Երբ պարտվում էի 0:8 հաշվով, կարողացա հաղթել: Ամբողջ կյանքում կհիշեմ այդ գոտեմարտը: Ինձ այդ պահին նորից ուժերիս հավատալու ստիպեց այն աշխատանքը, որ կատարել ենք մենք մարզիչների հետ: Չէի ուզում կատարածս աշխատանքը ջուրը գցել»,- ասաց Հարությունյանը:

Հավաքականի անդամ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը տպավորված չէ իր գոտեմարտերից: «Եվրոպայի այս առաջնությունում ունեցա երկու գոտեմարտ, բայց տպավորված չեմ ոչ մեկից էլ: Առաջին գոտեմարտս կարճ տևեց, սակայն երկրորդում պարտվեցի: Ընդհանուր առմամբ նորմալ էր, սակայն ես պետք է թույլ չտայի, որ այդ կերպ ավարտվեր: Պետք է ավելի շատ հնարքներ կատարեի, որը չստացվեց երկրորդ գոտեմարտի ժամանակ»,- եզրափակեց նա:

Հայաստանի ազատ ոճի հավաքականի կազմում Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում միակ ոսկե մեդալը ապրիլի 10-ին նվաճել է 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Վազգեն Թևանյանն էլ Սերբիայում մարտի 9-ին դարձել էր մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am