Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին

Armenpress 17:57, 13 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին՝ շնորհակալություն հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, շնորհակալական նամակում ասվում է.

«Հարգելի պարոն նախագահ,

Թույլ տվեք ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար:

Վստահ եմ, որ Պատգամավորների պալատի այդ քայլն իր կարեւոր նպաստը կունենա մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում: Իտալիայի Պատգամավորների պալատը եւս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունը համամարդկային այն բարձր արժեքներին, որոնք դավանում է Իտալիսյի ժողովուրդը:

Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am