Մայր Աթոռում պահոցների որոշ նմուշներ ցուցադրելու համար մասնավոր ցուցահանդեսներ կկազմակերպվեն

Armenpress 15:27, 12 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մարի և Ալեք Մանուկյանների անվան գանձատանը ժամանակ առ ժամանակ կցուցադրվեն Մայր Աթոռի պահոցների տարբեր նմուշներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

«Գանձատանը հիմնականում եկեղեցական արվեստի ստեղծագործություններ են, որոնց մի մասը ցուցադրվում է, իսկ մյուս մասը գտնվում է Մայր Աթոռի պահոցներում: Տարբեր առիթների ժամանակ նախատեսում ենք պահոցների նմուշների մասնավոր ցուցահանդեսներ կազմակերպել: Մայր Աթոռի թանգարանն ունի տարբեր պահոցներ՝ մետաղների, գործվածքների, գորգերի: Պահոցից երբեմն թեմատիկ առարկաներ են դուրս բերվում և ներկայացվում այցելուներին»,- նշեց Տեր Ասողիկը և հավելեց, որ այն, ինչ իրենք ձեռք են բերում, ներկայացնում են մշտական ցուցանմուշների հետ:

Քահանան գանձատան որոշ նմուշներ ցույց տվեց մեզ, որոնք շատ արժեքավոր են: Նա առանձնացրեց վերջին ձեռքբերումներից մի բուրվառ, որը նվիրաբերել է Բեյրութի հայ բնակիչներից մեկը:

«Այս բուրվառը թվագրվում է 9-10-րդ դարերով և բացառիկ է, քանի որ վրան հայերեն արձանագրություն կա: Օտարազգի արվեստաբանները կարծում էին, որ սա բյուզանդական արվեստի գործ է, սակայն այս արձանագրությամբ պարզ դարձավ, որ հայ վարպետի ձեռքի գործ է, և նմանատիպ բոլոր բուրվառները ստեղծվել են Հայաստան աշխարհում»,- ասաց Տեր Ասողիկը:

Նրա խոսքով՝ գանձատանը պահվում են ոչ միայն նվիրաբերություններ, այլև Վեհափառ Հայրապետի հոգածությամբ և  նախաձեռնությամբ ստեղծված մշակութային արվեստի գործեր:

«Այդ գործերը մեզ համար սրբություններ են: Մենք այստեղ ունենք «Հայոց ցեղասպանության նահատակների մասանց պահարան»: Այն պատրաստել է Հայաստանում ապրող և ստեղծագործող արծաթագործ Գեղամ Բադալյանը։ Մասանց պահարանում պահվում են դեռևս 1965 թվականին Սիրիայի Դեր Զոր քաղաքից Մայր Աթոռ բերված Հայոց ցեղասպանության նահատակների մասունքները՝ ոսկորները: Ամեն տարի ապրիլի 24-ին՝ արդեն սրբադասված ցեղասպանության մեր նահատակների հիշատակի օրը այն հանդիսավորությամբ դուրս է բերվում, իջեցվում Մայր տաճար և հավատացյալներին հնարավորություն է տրվում իրենց աղոթքով խոնարհվել մասունքների առջև»,- ասաց քահանան:

Նրա խոսքով՝ Կաթողիկոսի աջակցությամբ պատրաստվել է նաև սրբի աջ, որտեղ պահվում են Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցում հայտնաբերված Սուրբ Սարգիս Զորավարի մասունքները: Պատրաստող վարպետը արծաթագործ Մամիկոն Մխիթարյանն է:

Մայր տաճարի վերանորոգման աշխատանքների պատճառով թանգարանից գանձատուն են բերվել հիմնական, գլխավոր սրբությունները՝ Նոյյան տապանի մասունքը, Սուրբ Գեղարդը, Խոտակերաց Սուրբ Նշանը, տարբեր սրբերի աջեր, Աշոտ Երկաթ թագավորի խաչը: Գանձատունն ամեն օր բաց է բոլոր այցելուների առջև առավոտյան ժամը 10:00-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am