Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Armenpress 15:17, 12 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով և հաջողություն մաղթելով նորանշանակ դեսպանին՝ Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի էլ ավելի խորացնել երկկողմ փոխշահավետ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Թրեյսին նշել է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները լավ հիմք են նաև երկու պետությունների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների հետագա խորացման համար:

Տիգրան Ավինյանը զրուցակցին է ներկայացրել «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, ինչպես նաև հանրային կառավարման համակարգի արդիականացման և կարողությունների ամրապնդման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում այս նախաձեռնություններում ամերիկյան կողմի մասնակցության մեծացման հնարավորությունների շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առևտրա-տնտեսական, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորություններին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am