Հայաստանը ողջունում է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման ընդունումը

Armenpress 18:17, 11 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության բարձրացումը ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կարևոր ուղերձ է։ Այս մասին նշված է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման ընդունման կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանը ողջունում է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը, որով Իտալիան վերահաստատեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցանքի կանխարգելման և պատժի կոնվենցիայով ընդունված իր հանձնառությունները և պարտավորությունները։

Իտալիայի խորհրդարանի ընդունած որոշումը ևս մեկ կարևոր ներդրում է ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքների հարգման և վերականգնման միջազգային հանրության ջանքերում։

Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության բարձրացումը ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կարևոր ուղերձ է»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am