Նիկոլ Փաշինյանը ԵԽ-ում վերահաստատել է հասարակություններին խաղաղության պատրաստելու Հայաստանի ցանկությունը

Armenpress 13:17, 11 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում Հայաստանն ուզում է հասարակություններին խաղաղության պատրաստել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 11-ին Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունները տարբեր են եղել:

«Չեմ կարծում, թե իմ և Տոնոյանի հայտարարություններում հակասություններ կան, դա մեկնաբանության հարց է: Մեր առաջարկն այն է, որ դադարեն ուժի կիրառումը, սպառնալիքը, ռազմատենչ հռետորաբանությունը, որոնք Ադրբեջանն օգտագործում է ԼՂ հակամարտության հարցում: Մենք ուզում ենք, որ հասարակությունները պատրաստվեն խաղաղության: Եվ հույս ունենք, որ մեր գործընկերներն Ադրբեջանում նույնպես դա կանեն: Եվ, եթե դա անեն, բոլորովին այլ իրավիճակում կլինենք»,- ասաց Փաշինյանը:

Ապրիլի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am