Ազգային ժողովը պետական բյուջեի նախագծի քննարկմանը կմիանա ավելի վաղ փուլում

Armenpress 12:19, 11 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության կողմից պետական բյուջեի նախագիծը պաշտոնապես Ազգային ժողով ուղարկելուց առաջ ԱԺ գլխադասային հանձնաժողովը կքննարկի նախագծի նախնական տարբերակը: Այսպիսով, ԱԺ-ն հնարավորություն կունենա  ավելի վաղ փուլում մասնակցել գործընթացին և իր առաջարկները ներառել նախագծում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայկական ֆինանսական երկխոսություն. խորհրդարանական բյուջետային վերահսկողության ընթացիկ շեշտադրումները» թեմայով սեմինար-քննարկմանը խոսեց ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Էդգար Մկրտչյանը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ խորհրդարանական երկրի բյուջետային վերահսկողության գործիքակազմը պետք է լիարժեքորեն ապահովի բյուջեի նկատմամբ ազգային ժողովի վերահսկողական լիազորությունների իրացումը: «Այս առումով կարծում եմ, որ այս գործընթացը պետք է վերանայվի ԱԺ-ի ներգրավվածության ժամկետների փոփոխության համատեքստում: Այս առումով նաև հպանցիկ քննարկում եմ ունեցել գործընկեր պատգամավորների հետ, ովքեր կիսում են այդ տեսակետը»,-ասաց Թանդիլյանը:

Նա նշեց նաև, որ  նախկինում, որպես նախարար աշխատելով, ինքը հնարավորություն է ունեցել հասկանալու, որ պատգամավորները քննարկումներին միանում են ավելի ուշ փուլում, երբ հիմնական աշխատանքները կատարված են, և ծախս, եկամուտ, դեֆիցիտ ողջ համակարգը պարզ է: «Եվ այդտեղ նոր փոփոխություն անելը կնշանակի մի ամբողջ նոր գործընթաց նախաձեռնել, որը կարող է ժամանակին չավարտվել: Եվ, հետևաբար, իմ համոզմամբ, մենք պետք է միասին վերանայենք բյուջետային գործընթացի փուլերը, և ԱԺ-ի մասնակցության փուլը պետք է առաջ մղվի»,-ասաց Թանդիլյանը:

ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Էդգար Մկրտչյանը ներկայացրեց այն հիմնական առանձնահատկությունները, որոնք նախաձեռնվել են այս տարի: Նա, մասնավորապես, անդրադարձավ բյուջեի նախնական տարբերակի քննարկման ժամանակ Ազգային ժողովի մասնակցության հնարավորությանը: «Այս ուղղությամբ տարված աշխատանքի արդյունքում նախատեսված է, որ բյուջեի նախնական տարբերակը, այսինքն՝ մինչ կառավարության կողմից պաշտոնապես ԱԺ ներկայացնելը, հուլիսի 22-ից օգոստոսի 20-ը ընկած ժամանակում պետք է քննարկվի ԱԺ գլխադասային հանձնաժողովներում: Այսինքն՝ հայտատու մարմինները բյուջեի նախնական տարբերակը հնարավորություն են ունենալու ներկայացնել ԱԺ գլխադասային հանձնաժողովներում, այնուհետև կառավարությունն արդեն դիտողությունների և առաջարկությունների հիման վրա լրամշակված տարբերակը պաշտոնապես կներկայացնի ԱԺ»,- եզրափակեց Մկրտչյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am