Արսեն Հարությունյանը դարձել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Armenpress 20:20, 10 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 61կգ քաշային Արսեն Հարությունյանը Բուխարեստում անցնող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում լարված ու հետաքրքիր պայքարում նվաճեց չեմպիոնի կոչումը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից:

Եզրափակչում հայ երիտասարդ ըմբիշը 17։11 հաշվով հաղթեց Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր վրացի Բեկա Լոմտաձեին։ Ընդ որում, Հարությունյանը հերթական անգամ հաղթեց կամային որակների շնորհիվ՝ 0։8 հաշվով պարտվելիս կարողանալով վստահ հաղթանակ գրանցել։

Հիշեցնենք, որ 61 կգ քաշային կարգում 19-ամյա Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 14:8 հաշվով հաղթելով ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին:

Քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանի մրցակիցը թուրք Ռեջեփ Թոփալն էր: Ու թեև գոտեմարտի սկզբում Արսենը պարտվում էր, կարողացավ կամային հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: Կիսաեզրափակչում Հարությունյանի մրցակիցը ռումինացի Նիկոլայ Օխլոպկովն էր, ում երկրպագում էր ողջ դահլիճը, սակայն կրկին կամային հատկանիշների շնորհիվ Արսենը հաղթեց 10:4 հաշվով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am