Երաժշտախմբերը մեկ հարթակում կկատարեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ

Armenpress 12:26, 10 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի տոնական գալա -համերգ, որին կմասնակցեն հայաստանյան  առաջատար երաժշտախմբերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոյին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Երաժշտախմբերը հանդես կգան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Ծրագրում կհնչեն Ռեժիս Կամպոյի, Ֆրանսիս Պուլենկի, Գաբրիել Ֆորեի, Մորիս Ռավելի, Մորիս Դյուրուֆլեի, Ժորժ Բիզեի, Էրիկ Սատիի, Կլոդ Դեբյուսիի, Ժակ Օֆենբախի ստեղծագործությունները:

«Ֆրանկոֆոնիա» եզրույթը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ եզրույթը նա օգտագործել է նկարագրելու այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Հայաստանում նախորդ տարվա հոկտեմբերի 11-12-ը անցկացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am