Մասիս Մայիլյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը

Armenpress 19:52, 9 Ապրիլ, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ապրիլի 9-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքներին։

Քննարկվել է նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանման կարևորությունը:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am