Իրանում ջրհեղեղից տուժածների աջակցության մարդասիրական խումբը բարեհաջող հատել է հայ-իրանական սահմանը

Armenpress 17:41, 9 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում ջրհեղեղների պատճառով տուժած անձանց համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ուղարկած մարդասիրական խումբն արդեն իսկ հարևան երկրում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կարմիր մահիկ» կազմակերպության գործընկերներ պետք է ուղեկցեն խմբին դեպի Թավրիզ, որտեղ կտրամադրվի ուղարկված ողջ գույքը:

«Երեկ ԻԻՀ ուղարկված մարդասիրական օգնության խումբն այսօր արդեն բարեհաջող կերպով հատել է հայ-իրանական սահմանը: «Կարմիր մահիկ» կազմակերպության մեր գործընկերները դիմավորել են նրանց արդեն և ուղեկցում են մինչև քաղաք Թավրիզ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի ռուսական կողմի ղեկավար Յուրի Պոլեշչուկը:

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ խումբը կհասնի Թավրիզ, վաղն առավոտյան գույքը կհանձնվի, ապա՝ խումբը կվերադառնա Հայաստան:

Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի հայկական կողմի ղեկավար Պավել Գյոզալյանը շեշտեց, որ խումբը երեկ գիշերել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, քանի որ մութ է եղել և նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու կարիք է զգացվել:

«Այսօր առավոտյան ժամը 8-ին շարժվել են, սահմանին ոչ մի խնդիր չի առաջացել, քանի որ իրանական կողմը տեղյակ է եղել մարդասիրական օգնության մասին: Կամ այսօր, կամ վաղը՝ ապրիլի 10-ին կիրականացվի բեռնաթափումը, և մեր խումբը կարող է վերադառնալ»,- ընդգծեց Գյոզալյանը:

ՌՀՄԿ-ից տեսազանգի միջոցով նաև կապ հաստատեցին ԻԻՀ-ում գտնվող մարդասիրական խմբի հետ:

Կենտրոնի օպերատիվ կառավարման վարչության պետ Սերգեյ Նազարյանն ասաց, որ թղթաբանական բոլոր հարցերը մաքսատանն արդեն իրականացվել են և այժմ շարունակում են ճանապարհը դեպի նշանակված վայր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ապրիլի 8-ին մարդասիրական օգնություն ուղարկեց Իրանի Իսլամական Հանրապետություն՝ տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար:

Իրանի Իսլամական Հանրապետություն է ուղարկվել 4000 վերմակ, 250 մահճակալ, 30 վրան:

Իրանում ջրհեղեղի պատճառով ավելի քան 70 մարդ է զոհվել: Բնական աղետի հետևանքով տուժել է ավելի քան 1900 քաղաք ու գյուղ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am