Հովհաննես Գաբուզյանը՝ ԱՄՆ ուսանողական թիմային չեմպիոն  

Armenpress 13:37, 8 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Գաբուզյանը դարձել է ԱՄՆ ուսանողական թիմերի առաջնության հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի 2017 թվականի չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն անվճար հիմունքներով և ամբողջական կրթաթոշակով սովորում է ԱՄՆ Տեխաս նահանգի Ռիո Գրանդ Վելլի համալսարանում: Գրոսմայստերն ընդգրկվել է նաև համալսարանի շախմատի թիմի կազմում: Գրանդ Վելլիի թիմը երկրորդ անգամ անընդմեջ դարձել է ԱՄՆ ուսանողական թիմային առաջնության չեմպիոն: Եզրափակիչում Գաբուզյանի թիմը 2.5։1.5 հաշվով հաղթանակ տոնեց ուսանողական առաջնության 6-ակի չեմպիոն Վեբստերի համալսարանի նկատմամբ:

Թիմի համար հաղթական միավորը վաստակեց Հովհաննես Գաբուզյանը, ով առավելության հասավ Վեբսթերի համալսարանի ուսանող, Ադրբեջանը ներկայացնող գրոսմայստեր Վասիֆ Դուրաբեյլիի նկատմամբ: Մյուս երեք պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ: Բացի Գաբուզյանից՝ թիմի կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ Վլադիմիր Բելոուսը, Անդրեյ Ստուկոպինը և Կամիլ Դրագունը: Հիշեցնենք, որ Գաբուզյանի թիմն անցյալ տարի ևս նվաճել էր չեմպիոնի տիտղոսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am