Արմեն Սարգսյանը Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդին հրավիրել է Հայաստան

Armenpress 17:27, 6 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հորդանանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հետ։

Թագավոր Աբդալլահ Երկրորդը, ողջունելով Հայաստանի նախագահին, մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին և նշել, որ երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջև եղել են շատ խորը կապեր և պատմականորեն ձևավորված բարեկամություն։ Աբդալլահ Երկրորդը հատկապես ընդգծել է Հորդանանի հայկական համայնքի կարևոր դերը երկրի կյանքում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: Ընդգծելով թագավոր Աբդալլահ Երկրորդի, ինչպես նաև նրա հոր ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ-հորդանանյան բարեկամության լավագույն վկայությունը Հորդանան գետի ափին վեր խոյացող հայկական եկեղեցին է։

Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը ջերմ ու բարեկամական մթնոլորտում անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հարուստ չլինելով բնական ռեսուրսներով՝ Հայաստանը և Հորդանանը կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները։

Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, և երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության ոլորտներում։

Հորդանանի թագավորն ասել է, որ առաջիկայում Հայաստան կգործուղի պատվիրակություն՝ տեղում փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

Հայաստանի նախագահը հրավիրել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին այցելել Հայաստան։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am