Արմեն Սարգսյանը Հորդանանում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումի բացմանը

Armenpress 13:46, 6 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումի բացման արարողությանը։  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումը տեղի է ունենում Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմի և թագուհի Ռանիա Ալ-Աբդալլահի աջակցությամբ և նրանց բարձր հովանու ներքո:  Ֆորումի բացմանը ներկա են եղել երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, պետական, գործարար ու քաղաքացիական շրջանակը ներկայացնող ավելի քան 1000 առաջնորդներ։  Ֆորումի մասնակիցներին ողջունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմը։ Ելույթ ունեցողներն անդրադարձել են այն խնդիրներին ու մարտարհրավերները, որոնց առերեսվում է տարածաշրջանն ու աշխարհը՝ մասնավորապես խոսելով էներգետիկ անվտանգության, մաքուր և վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, կլիմայական համակարգի փոփոխությունների և մի շարք այլ հարցերի շուրջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am