Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն Արցախում այցելել է առաջնագիծ

Armenpress 13:14, 6 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 5-ից 6-ը պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը այցելել է հարավային և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերի մշտական տեղակայման վայրեր ու առաջնագիծ: Այցի շրջանակում մասնավոր ուշադրություն է դարձվել միավորումների և զորամասերի արդյունավետ փոխգործակցության կազմակերպման ու զորքերի ներդաշնակ գործողություններին առնչվող հարցերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, աշխատանքային այցի երկրորդ օրը հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ու բանակի հրամանատարն այցելել են կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի առաջնագիծ, ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված և դեռևս ընթացքի մեջ գտնվող ինժեներա-ամրաշինական աշխատանքերին, հետաքրքվել դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններով:

Այցի ավարտին իմի են բերվել զորամասերի մարտական պատրաստության, թիկունքային ու տեխնիկական ապահովման ուղղություններում արձանագրված արդյունքները և հստակեցվել համագործակցության հետագա անելիքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am