Կիրո Մանոյանը ԼՂ բանակցային գործընթացում «հեղափոխություն» չի նկատում
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 29-ին Վիեննայում հանդիպման մասին Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից եզրակացրել է, որ բանակցային սեղանին նույն փաստաթուղթն է, ինչ առկա էր Հայաստանում մինչև հեղափոխությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում:
«Վարչապետն էլ ասաց, որ բանակցային գործընթացում ոչ մի հեղափոխություն չի եղել: Հայտարարությամբ պարզ է դառնում, որ ըստ էության նույն փաստաթուղթն է սեղանի վրա: Թե նրանք ինչ են առանձին խոսել, չգիտեմ: Հաճախ չի պատահում, որ արտգործնախարարները և համանախագահողները միասին հայտարարություն տարածեն, բայց նաև հայտարարություն անողները բուն խոսակցությունների ժամանակ այնտեղ ներկա չեն եղել»,-ասաց Մանոյանը՝ ակնարկելով այն, որ Վիեննայում հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ, սակայն երկու ժամ շարունակվել է դեմ առ դեմ՝ փակ դռների հետևում:
Մեկնաբանելով այն, որ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են իրականացնել մարդասիրական միջոցառումներ՝ նա ասաց, որ երևի խոսքը գերիների, սահմանն անցած անձանց փոխանակման մասին է:
Մանոյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չափ հանդիպման մասին մեկնաբանություն չի տվել, ադրբեջանական կողմից լուրջ մեկնաբանություն չի եղել:
Խոսելով Վիեննայի (ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ 2016թ. մայիսի 16-ին) և Սանկտ Պետերբուրգի (2016թ. հունիսի 20-ին) պայմանավորվածություններից՝ Մանոյանը նշեց, որ դրանց ավելի մեծ ուշադրություն դարձնելը կնպաստեր զինադադարի պահպանմանը: «Ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը վաղն էլ կպահպանի իր այսօրվա կեցվածքը: Եվ եթե խախտվի զինադադարը, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ որոշված մեխանիզմների բացակայությամբ չի պարզվի, թե ով էր զինադադարը խախտել»,-եզրափակեց Մանոյանը:
Վիեննայում անցկացված Փաշինյան-Ալիև հանդիպումն առաջինն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինչ այդ կայացել է երեք ոչ պաշտոնական հանդիպում: 2018թ. Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։