Կոնստանտին Օրբելյանի համար անակնկալ էր իր աշխատանքից ազատման հրամանը

Armenpress 14:31, 29 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի համար անակնկալ էր ազատման հրամանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ, իհարկե, նշմարվում էր, որ իր անձի շուրջ ինչ-որ զարգացումներ են ծավալվում, սակայն ազատման հրամանին չէր սպասում:

«ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը կարծում է, որ լեգիտիմ կարգով չեմ նշանակվել: Թե ինչ կանեմ, դեռ կերևա, սակայն կարող եմ ասել, որ այն, ինչ անում է, լեգիտիմ չէ: Կարծես, թե կոլեկտիվը նախատեսում է դատական հայց ներկայացնել այս որոշման դեմ, միգուցե ես նույնպես…կտեսնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կոնստանտին Օրբելյանը: Նա նշեց, որ մարտի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ և վերջինիս համար այս քայլը նույնպես անակնկալ էր:

Կոստանտին Օրբելյանը վրդովված չէ, ամեն դեպքում, այս ամենին ժպիտով է վերաբերում և նշում, որ իր գրքում այս զարգացումները տեղ կգտնեն:

«Ի դեպ, հրամանում նշված է, որ ապրիլի 1-ից եմ ազատվում, միգուցե դա կատակ է … (ծիծաղում է)»,-ավելացրեց Կոնստանտին Օրբելյանը:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am