Ճապոնիայի կառավարության կողմից Սիսիան համայնքին կտրամադրվի աղբի տեսակավորման 65 աղբաման

Armenpress 18:06, 27 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարությունում «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Սիսիան համայնքում աղբի տեսակավորման նպատակով աղբամանների տրամադրման նախագծի համար շուրջ 19, 914 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի և «ՈՒՐԲԱՆ» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանի կողմից։

Ստորագրման արարողությունը կայացել է ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի և «ՈՒՐԲԱՆ» կայուն զարգացման հիմնադրամի անդամների ներկայությամբ։

Ծրագրի նպատակն է Սիսիան համայնքին տրամադրել խառը թափոնների համար 65 աղբամաններ, որոնք թույլ կտան աղբն  արդյունավետ տեսակավորել պլաստիկ և այլ թափոնների։ Դրանց օգնությամբ ակնկալվում է բարելավել թափոնների կառավարման և վերամշակման հզորությունը Սիսիանում, որտեղ բնակվում է 16 հազար քաղաքացի` այսպիսով նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանն ու վերամշակման աշխատանքներին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am