Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը

Armenpress 15:44, 27 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Ամերիկայի առևտրի պալատի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատին անդամակցող միջազգային ընկերություններն իրենց գործունեության ընթացքում նպաստել են նոր գործարար մշակույթի և արժեքների ձևավորմանը:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն ունի մեծ ներուժ, որի ճիշտ իրացումը մեծ օգուտներ կբերի Հայաստանի տնտեսությանը, իսկ կառույցն ինքը կարող է ավելի գործուն դերակատարություն ունենալ Հայաստանի բիզնես միջավայրի առաջխաղացման գործում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am