Համապետական շաբաթօրյակներ կանցկացնենք վեցշաբաթյա պարբերականությամբ Սուրեն Պապիկյանը՝  մարզպետներին

Armenpress 19:55, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 26-ին աշխատանքային խորհրդակցություն  է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչ օրակարգային հարցերին անցնելը` Սուրեն Պապիկյանն անդրադարձել է  մարտի 23-ին անցկացված համապետական շաբաթօրյակին և ընդգծել, որ  հասարակության ու պաշտոնատար անձանց ներգրավվածության առումով այն վերջին տարիների ամենահաջողված շաբաթօրյակներից մեկն էր:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մասնակցության համար և տեղեկացնել, որ այսուհետ նման շաբաթօրյակներ կանցկացնենք վեցշաբաթյա պարբերականությամբ` նպատակ ունենալով  երկիրն ամբողջությամբ մաքրել աղբից»,- նշել է նախարարը: Այս առնչությամբ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է գույքագրել իրենց  մարզերում առկա աղբավայրերն ու աղբակույտերը` հստակեցնելով դրանց  հետագա շահագործման տարբերակները:  

Անցնելով օրակարգային հարցերին` նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է համայնքային հակակարկտային կայանքների ապակոնսերվացման աշխատանքներին, մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև մարզերում ջրանցքների մաքրման, հակակարկտային կայանքները պատրաստվածության բերելու, ինչպես նաև մարզպետների կողմից բարձրացված այլ հարցերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am