Սեւան քաղաքում կբացվի մանկական վերականգնողական կենտրոն


ԳԱՎԱՌ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքում կբացվի մանկական վերականգնողական կենտրոն «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի աջակցությամբ, իսկ 2021 թվականից առողջապահության նախարարությունն իր վրա կվերցնի այդ կենտրոնի ֆինանսավորումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, այս ծրագրի իրականացման արդյունքում Սեւանի տարածաշրջանի մոտ 100 երեխաներ կստանան իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը հենց տեղում։ Ծրագրին կաջակցեն նաեւ Սեւանի քաղաքապետարանը եւ Գեղարքունիքի մարզպետարանը։ «Ծրագրի թիրախը Սեւան համայնքն է եւ տարածաշրջանի գյուղական համայնքները: «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» ներկայացուցիչները դեռեւս շաբաթներ առաջ հանդիպում են ունեցել Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ: Հանդիպման ընթացքում նրանք ներկայացրել են երեխաների զարգացման խնդիրները: Համայնքի ղեկավարը ողջունեց նման ձեռնարկը` այն համարելով հույժ կարեւոր ոչ միայն Սեւանի, այլ նաեւ տարածաշրջանի համար, որը անգնահատելի օգնություն է ծնողներին, իսկ երեխաների համար՝ կյանքի որակի բարելավման լավագույն միջոց: Հիմնադրամը, հաշվի առնելով առկա իրավիճակը, աշխատում է վերաբացել ցերեկային խնամքի կենտրոնը, որը սպասարկելու է հաշմանդամության եւ զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին: Նման կենտրոնի ստեղծմամբ անապահով երեխաները հնարավորություն կստանան բարելավել իրենց ֆիզիկական եւ հոգեբանական պայմանները: Կենտրոնը գործելու է Դեմիրճյան, 17 հասցեում: Մինչ հիշյալ հասցեում գտնվող տարածքի վերանորոգման, կահավորման աշխատանքների ավարտը գործունեությունը կիրականացվի քաղաքի Տերյան, 26 հասցեում: Կենտրոնում աշխատելու է 12 հոգուց բաղկացած անձնակազմը: Մասնագետներն ու ուսուցիչները կանցնեն մասնագիտացված դասընթացներ:

Ծրագիրը մեկնարկում է 2019 թվականին,որն առնվազն 5 տարի կհովանավորվի «Ջինիշյան հիմնադրամի» եւ մասնակից գործընկերների կողմից: Ծրագրի ղեկավարումն ու վերահսկումն իրականացնելու է հիմնադրամը, որն աշխատելու է կառավարության հետ: Ծրագրի վերջնական նպատակն է մինչեւ 2024 թվականը կենտրոնի կառավարումը աստիճանաբար հանձնել կառավարությանը` լիարժեք ֆինանսական աջակցության համար»,-ընդգծեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am