Լիլիթ Մակունցը ՀՀ նախագահին ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղությունները

Armenpress 16:30, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը մարտի 25-ին  հանդիպել է իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ակտիվ և ծավալուն աշխատանք է վերապահված ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:

Լիլիթ Մակունցը ներկայացրել է խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում վերջերս Գերմանիա կատարած պաշտոնական այցի մանրամասներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հանրապետության նախագահը և պատգամավորներն անդրադարձել են Ազգային ժողովի աշխատանքներին, միջազգային հարթակներում նրա գործունեությանը, միջխորհրդարանական կապերին, ինչպես նաև գիտությանն ու կրթությանը վերաբերող հարցերին:

Կարևորվել է օրենսդիր մարմնի և իշխանության մյուս թևերի ներդաշնակ փոխգործակցությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցել խորհրդարանի հետ և օժանդակել նրա գործունեությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am