Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգահարել է ինձ, պատրաստ եմ հրաժարական տալ. Վալերիյ Օսիպյան

Armenpress 16:05, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անդրադարձավ հրապարակումներից մեկի հետքերով politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիին զանգահարելու հարցին:

«Ես ընդամենը զանգահարել եմ Բորիս Մուրազիին ու հարցրել հոդվածի մասին, որևէ սպառնալիքի մասին խոսք լինել չի կարող: Ես շատ լրագրողների եմ զանգում, լրագրողներն էլ ինձ են զանգում։ Հարգելի լրագրողներ, ձեր մասնագիտությունը շատ կարևոր է, դուք առանցքային դերակատարում եք ունենում։ Ես ինքս շատ եմ գնահատում ձեզ՝ որպես լրագրողների, և դուք մեզ՝ ոստիկաններիս, շատ եք օգնում։ Բայց ես խնդրում եմ, որպեսզի չճշտված տեղեկություններ, չճշտված աղբյուրից չտարածվեն, որովհետև նմանատիպ տեղեկությունները խանգարում են ոստիկանությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վալերիյ Օսիպյանը։ Նա նշեց, որ Բորիս Մուրազիի հետ խոսել է այն հրապարակման շուրջ, ըստ որի, ոստիկանապետին է զանգահարել Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը. «Հոդվածում հստակ գրված էր, համոզմունք էր հայտնած, որ Նարեկ Սարգսյանը զանգահարել է ինձ։ Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկն ինձ չի զանգահարել, եթե դա ապացուցվի՝ ես պատրաստ եմ հրաժարվել իմ ներկայիս պաշտոնից»,- ասաց ոստիկանապետը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am